ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանի գարնանային նստաշրջանի սկզբում իր գնահատականը տվեց ԵԽԽՎ-ում քննարկված բանաձևերին ու ԵԽԽՎ պատգամավորների քվեարկությանը: Նրա կարծիքով՝ ևս մեկ անգամ փաստվեց «միասին գործելու մեր կարողությունը և համատեղ ջանքերով արդյունքի հասնելու ներուժը»: ԵԽԽՎ քննարկած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող երկու բանաձևերը յուրատեսակ փորձաքար դարձան եվրոպական այդ կառույցի համար: «Ըստ էության, իրականությունը խեղաթյուրող, ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցային գործընթացն արգելակող այդ բանաձևերը դրանց հեղինակների կողմից փորձ էին՝ վարկաբեկելու եվրոպական այդ բարձր հարթակը և միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելու միջազգային հանրությանը: Դրանք նաև ուղղակի ու անուղղակի փորձ էին ստվերելու, թերագնահատելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությունը և Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը մասնակից դարձնելու մի կառույց, որը նման գործառույթ ու լիազորություն չունի»,- ասել է Սահակյանը: «Այդ բանաձևերի քննարկմանը նախորդած գործողությունները և քննարկումների արդյունքները ցույց տվեցին, որ խորհրդարանական դիվանագիտությունն իսկապես ուժեղ զենք է, որը երբեք չի կորցնում իր կարևորությունը, և որը մենք կարող ենք խելամտորեն օգտագործել: Ընդ որում, խոսքը վերաբերում է թե մեր պատվիրակության անդամներին, թե նրանում չընդգրկված մեր գործընկերներին», հայտարարել է Գալուստ Սահակյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր պատգամավորներին, ովքեր գործընկերների հետ քննարկումներում, միջազգային տարբեր կառույցներում և ձևաչափերում «արժանապատվորեն ներկայացրին հիշյալ բանաձևերում արծարծված հարցերի իսկությունն ու ենթատեքստերը, դրանց շարժառիթները, դրդապատճառներն ու հնարավոր հետևանքները»: «ԵԽԽՎ-ում քննարկված հիշյալ երկու բանաձևերը, իրենց ոչ հայանպաստ բովանդակությամբ հանդերձ, գործողությունների առումով որոշակի բարերար ազդեցություն ունեցան՝ ևս մեկ անգամ փաստելով միասին գործելու մեր կարողությունը և համատեղ ջանքերով արդյունքի հասնելու ներուժը», - նշել է Աժ նախագահը՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է ոչ միայն խորհրդարանական ուժերին, որոնց «միջկուսակցական հարաբերություններն ու տարբեր հարցերի շուրջ տարբեր տեսակետները, անհամաձայնությունները և նաև վիճաբանությունները չխանգարեցին համատեղել ջանքերն ընդդեմ հակահայ դրսևորումների», այլև պետական և ոչ պետական կառույցներին, հասարակական ու ոչ կառավարական կազմակերպություններին, կառավարող ու ընդդիմադիր, նրանց գործընկեր ու հակընդդեմ կուսակցություններին, «մի խոսքով՝ քաղաքացուն ու պետությանը»: «Շնորհակալ լինելով նրանց բոլորին՝ նաև երախտագիտությունս եմ ուզում հայտնել սփյուռքի մեր հայրենակիցներին ու կազմակերպություններին, որոնք այս դեպքում ևս իրենց հայանպաստ գործողություններով սատար ու պատվար էին Հայաստանին ու Արցախին»,- ասել է Սահակյանը: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ-ի բոլոր պատգամավորներին, «ովքեր ձեռնպահ մնացին այդ կառույցը վարկաբեկող գործողություններից ու մտածելակերպից, այն հակաճշմարտության և շահախնդրության ամբիոնի վերածելուց, գայթակղություն, որին սակայն չկարողացան դիմադրել թե այդ բանաձևերի հեղինակները, թե կողմ քվեարկած պատգամավորները»: «Հենց դրա արդյունքն էր այն, որ քննարկված բանաձևերից մեկը, այդուհանդերձ, ընդունվեց: Սակայն կարծում եմ, որ դա չպետք է դարձնել քաղաքական ու քաղաքագիտական էժանագին շահարկումների առարկա, առավել ևս՝ վերածել անմաքուր, անազնիվ խաղերի»,- հայտարարել է Գալուստ Սահակյանը: